06/12/2022
in 🇦🇲
Այսօր մայրաքաղաք Երևանի սրտում տեղի ունեցավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգով և մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։ Մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո։
Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։
Այնուհետև ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):
Հանդիսատեսը վերհիշեց նաև Հայաստանի տարբեր տարիների պատվիրակների երգերը. ելույթ ունեցան «Արևիկ» համույթը, Դալիթա Ավանեսյանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Ավանեսյանը, Անահիտը և Մերին, Միշան, Լևոնը, Կարինա Իգնատյանը։
Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։