08/06/2014
Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում: Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է: Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է: Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:
Իր ճարտարապետական տիպով Երերույքը եռանավ բազիլիկ եկեղեցի է, կառուցված V դ.: Տաճարն աչքի է ընկնում իր զարմանալի հորինվածքով: Տաճարը կառուցվել է վեցաստիճան վիթխարի ստիլոբատի վրա: Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ:
Այս ամենը առանձնակի գեղեցկությամբ լրացնում է Ախուրյան գետի (որից իր սկիզբն է առնում Արփի լիճը) անդնդախոր կիրճը և շրջակա լեռների լռությունը:
Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։ Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է։ Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի։ Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել։
Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։
Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են: Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան: Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ: