Ալեքպոլյան պատմություններ

Ալեքպոլյան պատմություններ Էջում կարող եք կարդալ հետաքրքիր պատմություններ, դեպքեր Գյումրիի մասին։ Ինչպես նաև կազմակերպում ենք քաղաքային շրջայցեր (տուռեր)։
(67)

Կազմակերպում ենք քաղաքային շրջայցեր (տուռեր), թե անհատական եւ թե խմբային կարգով։

Որբաքաղաքը․ նպաստամատույցի աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ» Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931Երբ Միչ...
23/04/2024

Որբաքաղաքը․ նպաստամատույցի աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ»
Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931

Երբ Միչիգանի Բենթոն Հարբոր քաղաքից բժիշկ Մեյբլ Էլիոթն Ալեքսանդրապոլի կայարանում իջավ գնացքից, Ռուսահայաստանի ամենամեծ ու երբեմնի բարգավաճ այդ քաղաքը ապաստան էր դարձել աշխարհի խոշորագույն որբանոցի համար։

1921 թ․ հոկտեմբեր ամիսն էր։ Երբ կառքը դղրդյունով բարձրացավ Ալեքսանդրապոլի արվարձանի փոքրիկ բլուրն ի վեր, նրա առջեւ հառնեցին շարքերով լքված շենքեր, որոնք հուշում էին, թեեւ միայն աղոտ, որ ինչ-որ ժամանակ՝ ոչ վաղ անցյալում, օթեւան էին եղել ընտանիքների, դպրոցականների, մեծ ու փոքր գործերի համար։ Այժմ դրանք քարուքանդ էին։ Դրանց նոր բնակիչները՝ մարդկային սպանդը վերապրածները, որոնք վերջին մի քանի տարում պարբերաբար կտրել-անցել էին սահմանը, շենքերի որոշ հատվածներ վերածել էին ժամանակավոր կացարանների, որոնց համար որպես պատ ծառայում էին Standard Oil-ի տափակացրած թիթեղյա տուփերը։ Դեռեւս կանգուն էին մատների վրա հաշված մի քանի հին շենքեր, որոնց վրա արդեն փողփողում էր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) կարմիր դրոշը։ Մեկ-երկու խանութ էլ կար, որտեղ միրգ, ծխախոտ եւ հին ամերիկյան հագուստ էին վաճառում։ Այդ ամայության համայնապատկերին վերջերս ավելացել էր Կարլ Մարքսի արձանը, որը, թվում էր, վեր էր խոյանում այն քարաբեկորներից, որոնք շնչահեղձ էին արել երբեմնի ծաղկուն խոշոր այդ քաղաքը։

Բժիշկ Էլիոթի կառքը հասավ փոքրիկ բլրի գագաթի զորանոցային շենքերի երկար շարքին՝ Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի (ՄԱՆ) կովկասյան կենտրոնական կայանին, որը բժիշկ Էլիոթի առաջին կանգառն էր։ Երկու տասնյակից ավելի երկհարկանի զորանոցները, որոնք հայտնի էին Կազաչի պոստ անունով, շինված էին սեւ հրաբխային քարից՝ ծածկված կղմինդրե, ժամանակին կարմիր տանիքներով։ Զորանոցները չորսական կամ վեցական խմբերով դասավորված էին երկաթգծի երկայնքով՝ ձգվելով դրանից էլ հեռու։ Նրանք իրար հետ շրջափակում էին հեկտարներով բաց տարածություն, որի անկյունում կանգնած էր ռուսական եկեղեցին։

Ալեքսանդրապոլի հարավային մասում տեղակայված Կազաչի պոստը քաղաքն օղակած երեք ռազմական պոստերից մեկն էր։ Մյուսը՝ Սեւերսկին, քաղաքի հարավարեւմտյան ծայրամասում էր, 1,3 մղոն հեռու, իսկ Պոլիգոնը հյուսիսում էր՝ Սեւերսկիից 2,25 մղոն հեռու։ Երեք պոստերը միասին ունեին ավելի քան 170 զորանոցային շենք։ Զորանոցներից շատերը երկհարկանի էին, եւ եթե դասավորված լինեին մի գծով, կունենային ավելի քան երկու մղոն երկարություն։ Բոլոր երեք պոստերն էլ իրենց տրամադրության տակ ունեին զորավարժությունների, խոհանոցների, փռերի, ճաշարանների, արտաքնոցների, լվացքատների, ննջարանների, պահեստների ու հրետանային պահեստաշենքերի հսկայական տարածքներ ցարի՝ կազակների, դրագունների ու հրետանու գնդերի եւ դրանց օժանդակ անձնակազմի համար։

1921 թ. աշնանը Կազաչիում եւ մյուս երկու պոստերում այլեւս չկային ցարի զինվորներ։ Ռուսական հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո վերջին ռուսական ուժերը դասալքել կամ զանգվածաբար նահանջել էին՝ իրենց հետ տանելով զինամթերքի մեծ մասը։ 1918 թ. ամռանը նրանց նահանջին հաջորդող ամիսների ընթացքում զորանոցներից շատերը ձայնակցում էին իրենց օղակած քաղաքի ավերածությանը։ Մեկ տարվա ընթացքում գաղթականներն ու որբերը՝ փրկվածները հայերի ջարդերից ու տեղահանություններից, որոնք այդ ժամանակից ի վեր ճանաչվել էին որպես ցեղասպանություն, ապաստանի փնտրտուքով անցնում էին Ռուսահայաստանի սահմանը՝ զբաղեցնելով զորանոցներից շատերը։ Իսկ հիմա՝ 1921 թ., այն երկու պատերազմներից հետո, որոնք Ալեքսանդրապոլը թաղել էին բացարձակ ավերածության մեջ, զորանոցները բարեկարգվում ու վերաշինվում էին, որպեսզի օթեւան դառնային ավելի քան 20 հազար արեւմտահայ որբերի համար, որոնք ծածկի, սննդի, հագուստի ու բժշկական խնամքի կարոտ էին։

Բարեկարգումների ծախսը, որբերի բանակի խնամքի հետ մեկտեղ, ստանձնել էր ՄԱՆ-ը՝ ամերիկյան հասարակությունից հանգանակած դրամական միջոցների ու պարենի միջոցով։ Մերձավոր Արեւելքում Առաջին աշխարհամարտից տուժածներին նպաստ մատուցելու նպատակով ԱՄՆ-ում հիմնադրված մարդասիրական կազմակերպությունը՝ ՄԱՆ-ը, հիմնելով իր նախորդների՝ Հայկական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեի (1915 թ. սեպտեմբերի 16 – 1915 թ. նոյեմբերի 20), Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախմբի (1915 թ. նոյեմբերի 20 – 1918 թ. հունիսի 27), Մերձավոր Արեւելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (1918 թ. հունիսի 27 – 1919 թ. օգոստոսի 6) գործունեության վրա, ԱՄՆ Կոնգրեսի 1919 թ. օգոստոսի 6-ի որոշմամբ միավորվեց որպես Մերձավոր Արեւելքի նպաստամատույց։ ՄԱՆ-ը ոչ միայն այդ մասշտաբի առաջին ամերիկյան միջազգային մարդասիրական նպաստամատույց ջանքն էր, այլեւ ԱՄՆ-ում ու միջազգային ասպարեզում իր ներդրած համակարգերով՝ արդի մարդասիրական դրամահավաքների մեծ մասի նախօրինակը։

1921 թ. աշնանը Ալեքսանդրապոլում ՄԱՆ-ը ներկայացնում էին նպաստամատույցի մի քանի տասնյակից ավելի ամերիկացի աշխատողներ։ Նրանցից ոմանք աշխատում էին նաեւ այլ կազմակերպություններում, որոնցից էին Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիան (ԵՏՔԱ), Ամերիկյան կանանց հիվանդանոցները (ԱԿՀ), Օտարերկրյա առաքելությունների հանձնակատարների ամերիկյան խորհուրդը (ՕԱՀԱԽ), Ամերիկյան Կարմիր խաչը եւ այլն։ Ալեքսանդրապոլում, այդուհանդերձ, ՄԱՆ-ի այժմյան կովկասյան մասնաճյուղի կենտրոնական կայանը Կազաչիի իր վարչական գրասենյակներով հանդերձ ներկայացնում էր ՄԱՆ-ը՝ կազմելով կազմակերպության մի մասը։ Բժիշկ Էլիոթն այդ ամերիկացիներից մեկն էր։ Նրան ուղարկել էր ԱԿՀ-ն՝ կանանց բժշկական մի հաստատություն, որը ձեւավորվել էր ԱՄՆ-ում Առաջին աշխարհամարտի ժամանակ, եւ որը բացառապես ղեկավարում էին ամերիկացի կանայք․ նա եկել էր Հայաստանում բժշկական ծառայությունները վերակազմակերպելու նպատակով, որպեսզի կազմակերպեր եւ ստանձներ 40 հազար որբուկների (որոնցից մոտ 15 հազարն ապրում էին որբանոցի պատերից դուրս) բժշկական խնամքի ողջ պատասխանատվությունը։

Պատերազմական գոտիներում ու գաղթականների հետ աշխատելու բազմամյա փորձ ունեցող, բազմահմուտ բժիշկ, կազմակերպիչ եւ նպաստամատույց աշխատող Էլիոթն այն կանանցից չէր, ում կարելի էր հեշտությամբ տպավորել։ Սակայն «…ամառային միջօրեի կամ երեկոյի զարմանալի, ապշեցուցիչ տեսարանը…» տպավորում է նրան, երբ տեսնում է, թե ինչպես են հազարավոր փոքրիկներ շենքերից դուրս հորդում հսկայական բաց տարածություն, ուր ժամանակին մարզվել ու շքերթներ էր արել ցարի հետեւակը։ «Աշխարհում նման ոչ մի տեսարան չի կարող լինել,- գրում էր նա, - հողը կենդանանում է ճերմակ, պստիկ կերպարանքներից… նրանց երկար շարքերը հատվում են ու խաչվում` շինությունները կապելով իրար … բոլոր երեխաներից մի ձայն է բարձրանում՝ աղաղակ կոչվելու համար չափազանց լայնասփյուռ, ոռնոց կոչվելու համար չափազանց մեղմ, շշնջոց լինելու համար չափազանց սուր. հազարավոր երեխաների ձայներ՝ ծիծաղող, լացող, երգող, խոսող, բղավող, կանչող … ճաշասենյակում կոչնակների զարկերը շարակարգում են տողանները, իսկ գդալների չխկչխկոցից խոհանոցներն աղմուկում են ինչպես գործարաններ։ Բայց քանի դեռ այդ աղմուկներից որեւէ մեկին մոտ չես, ոչինչ չես լսում։ Ամեն ինչ ընկղմվում ու կորչում է երեխաների ձայների մեջ…»:

Բժիշկ Էլիոթի ժամանելուց երկու տարի առաջ՝ 1919 թ․, ՄԱՆ-ը որոշել էր, որ Կազաչիի, Սեւերսկիի ու Պոլիգոնի զորանոցները լիովին հարմար էին իր որբախնամ առաքելության համար. այդտեղ կարելի էր կենտրոնացնել Կովկասի բոլոր հայ որբերին։ ՄԱՆ-ի տրամադրության տակ եղած շինությունների հենց միայն չափն ու թիվը բացառիկ հնարավորություն էր ընձեռում՝ կյանքի կոչելու այն ստվար որբ բնակչությանն օթեւանելու կարեւոր գործը, որը ՄԱՆ-ը համաձայնել էր ստանձնել։ 1920-ականներին ծավալված այդ գործունեության արդյունքը եղավ Մերձավոր Արեւելքում ՄԱՆ-ի վարած ամենախոշոր որբանոցի կազմավորումը, որն Արեւմուտքի լրագրերում ու ամսագրերում ներկայացվում էր Որբաքաղաք անունով։

Որբաքաղաքի պահպանության եւ առաքելության համար՝ թե՛ որբ բնակչության եւ թե՛ շինությունների խնամքի առումով, անհրաժեշտ էր ամերիկացիների ու հայերի մեծաքանակ աշխատուժ՝ ամենայն հավանականությամբ Մերձավոր Արեւելքում ՄԱՆ-ի որբանոցների աշխատողների ամենախոշոր խումբը։ Որբերի հետ միասին նրանք կազմում էին մի նոր համայնք՝ իրենց առաքելությամբ արմատապես տարբերվելով այն զինվորական համայնքից, որին փոխարինում էին։ Չնչին բացառությամբ, բոլոր աշխատողները, գալով տարբեր երկրներից ու աշխարհամասերից, հանդիպել էին Որբաքաղաքում եւ իրենց հետ բերել այնքան տարատեսակ փորձառություններ, որքան հնարավոր էր։ Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ այդ համայնքի անդամների կյանքն ու ձգտումները հատվում ու զարգանում էին՝ հիմնովին տարբերվելով այն մարդկանց կյանքից ու ձգտումներից, ովքեր նախկինում զբաղեցրել էին այդ պոստերը։ Այստեղ կային ամերիկացի տղամարդիկ ու կանայք, որոնք եկել էին Մասաչուսեթսից, Կալիֆորնիայից, Ջորջիայից, Միչիգանից, Հարավային Դակոտայից, Նյու Հեմփշիրից, Մեյնից, Օհայոյից, Նյու Յորքից, Թեքսասից, Կանզասից, Նեբրասկայից եւ այլ նահանգներից։ Կային նաեւ հայ տղամարդիկ ու կանայք, որոնցից շատերն իբրեւ գաղթականներ Ռուսահայաստանում ապաստան գտնելու հույսով Ալեքսանդրապոլ էին եկել տարբեր վայրերից, ինչպես օրինակ՝ Վանից, Թիֆլիսից, Կարսից, Մուշից, Սասունից, Էրզրումից, Ստամբուլից, Բաքվից, Շուշիից։ Ամերիկյան նպաստամատույցի աշխատողներից ոչ ոք մինչ այդ չէր եղել Ալեքսանդրապոլում, եւ նրանց մեծ մասը ո՛չ ռուսերեն էր խոսում, ո՛չ հայերեն։ Մեծ մասին ընտրել, աշխատանքի էր ընդունել եւ իրենց պաշտոններին նշանակել ՄԱՆ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակը․ նրանք հազարավոր հայ աշխատակիցների ու տասնյակ հազարավոր հայ որբերի հետ, հետզհետե նոսրացող շարքերով, մնալու էին այստեղ մինչեւ 1931 թ․։

Խնամարկուների մեջ հայերն ամենամեծ խումբն էին։ Ալեքսանդրապոլում ՄԱՆ-ի վարչությունը նրանց աշխատանքի էր ընդունել որպես որբանոցի կառավարիչներ, կառավարչի օգնականներ, ուսուցիչներ, տնօրեններ, բուժքույրեր, բժիշկներ, թարգմանիչներ, խոհարարներ, հացթուխներ, լվացարարուհիներ, դռնապաններ, վարսավիրներ, աղախիններ, որմնադիրներ, ջրկիրներ, քարտաշներ, դարբիններ, հիվանդանոցների հավաքարարներ ու պահակներ։ Նրանց մեջ կային մարդիկ, որոնք համալսարանական կրթություն էին ստացել Փարիզում, Բեռլինում, Լայպցիգում, Վիեննայում, Պետրոգրադում կամ Մոսկվայում, եւ կային բազմաթիվ հողագործներ ու արհեստավորներ։ Կային նաեւ մի քանի նախկին սպաներ, որոնք ծառայել էին ցարի, այնուհետեւ՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) բանակներում։ Նրանցից շատերը կացարան էին ստացել զորանոցներում։

Ամերիկյան նպաստամատույց աշխատողները՝ ծնունդով ամերիկացի կամ ԱՄՆ-ի քաղաքացիություն ընդունած, որբերի խնամարկուների մեջ ամենափոքր խումբն էին, բայց միայն թվով։ Այս խումբն էր վերահսկում բյուջեն, բանակցում իշխանությունների հետ, խորհրդակցում կազմակերպչական ու պարտավորությունները բաշխելու հարցերի շուրջ եւ երեխաների կարիքներն ու ապագան հոգալու համար աշխատանքի ընդունում տեղացի անձնակազմի։ Այս խմբի մեջ էին գլխավոր տնօրենները, տնօրենների տեղակալները, քարտուղարները, բուժքույրական գծով տնօրենները, գլխավոր բժիշկներն ու վիրաբույժները, հաշվապահները, գյուղատնտես-փորձագետները, կառավարիչները, մեխանիկներն ու ինժեներները։ Ոմանք այստեղ ապրում էին մի քանի ամիս, ուրիշները տարիներով այստեղ էին։ Ոմանք բազմահմուտ նպաստամատույց աշխատողներ էին, ոմանք սովորում էին աշխատելու ընթացքում։

Երեխաները մեծ մասամբ ներկայացնում էին նոր համայնքի ամենամեծ ու ամենախայտաբղետ խումբը։ Նրանք խոսում էին բազմաթիվ բարբառներով, որոնք տարբերվում էին ռուսահայերի լեզվից։ Ավելին, նրանք իրենց հոգում անթեղել էին Արեւմտյան Հայաստանի իրենց նախնիների գյուղերի ու քաղաքների սովորույթներն ու ավանդույթները, որոնք այժմ նրանց մտքում ապրում էին իբրեւ տան ու ընտանիքի, խաղողի այգիների ու դպրոցների, երգերի ու պարերի վերհուշերի պատառիկներ՝ ամբողջը միաձուլված կորստյան ու աղետալի ճամփորդությունների հետ, որոնք նրանց դարձրել էին Որբաքաղաքի անդամներ։ Նրանք անցկացրել էին իրենց մատաղ կյանքի ամիսներն ու տարիները հաճախ միայնակ կամ խմբերով թափառելով դաշտերում, լեռներում կամ փողոցներում, ծածկված պատառոտված ցնցոտիներով եւ զգուշավոր ամեն տեսակ գիշատչի հանդեպ՝ լիներ կենդանի թե մարդ՝ գոյատեւելով խոտով կամ այն ամենով, ինչ կարող էին գողանալ։ Ոմանք դեռահասներ էին, մյուսները՝ շատ ավելի փոքր։ Երեխաների փրկության պատմությունները տարբերվում էին իրարից, բայց հիմա Ալեքսանդրապոլում նրանք բոլորը Որբաքաղաքի բնակիչներ էին՝ օտարականներ օտար մի երկրում մեծահասակների հետ, որոնց նախկինում երբեք չէին տեսել։

1919 թ․-ից սկսած մինչեւ 1920-ականների առաջին կեսը մռայլ զորանոցների նոր համայնքը անգլերեն ու հայերեն ամսագրերի, գրքերի ու լրագրերի անհամար հոդվածների նյութն էր։ Որբաքաղաքը նկարագրող պատմությունները արդարեւ լի էին դրամատիզմով։ Որբերի հանրության հենց միայն չափը՝ ՄԱՆ-ի խնամքի տակ գտնվող բոլոր որբանոցների մեջ հայ որբերի խոշորագույն այդ կենտրոնացումը, նրանց ապաստանած շինությունների նույնքան ապշեցուցիչ չափերով ու բնութագրով հանդերձ, ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի իսկական դրամա։ 1920-ականների սկզբներին ԱՄՆ-ից պրոֆեսիոնալ լուսանկարիչները ՄԱՆ-ի հրահանգով մեկնում էին Ալեքսանդրապոլ լուսանկարելու ցնցող տեսարանները, որոնք շրջանառում էին Արեւմուտքով մեկ, իսկ նկարահանող խմբերը ԱՄՆ էին վերադառնում՝ պատրաստ ցուցադրելու իրենց կինոժապավենները մեծ լսարանների առջեւ՝ Հավայիից մինչեւ Նյու Յորք ու Վաշինգտոն։

Բայց եւ այնպես, իրավիճակը տեղում նույնիսկ շատ ավելի դրամատիկ էր, քան բառերը կամ շարժանկարները կարող էին պատկերել։ Սովի ու ամեն տեսակ կարիքի ավերիչ միջավայրի ճիրաններում, հսկայական քանակությամբ նպաստը պիտի ներկրվեր ԱՄՆ-ի ափերից։ Հայաստան մուտք հնարավոր էր ունենալ միայն ցամաքով, եւ ԱՄՆ-ի նավահանգիստներում (Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Նյու Օռլեանում) կամ Կոստանդնուպոլսում նավերը բեռնած նպաստը միայն ահռելի ջանքերի գնով էր կարողանում հասնել իր նպատակակետին: Նավերը բեռնաթափում էին վրացական Սեւ ծովի Բաթում նավահանգստում։ Բաթումից գնացքով տանում էին Թիֆլիս, ապա այդտեղից, եթե պատերազմները կամ քաղաքական տուրեւառությունը չէր խոչընդոտում, բեռը գնացքներով բերում էին Ալեքսանդրապոլի կայարան, ապա, ի վերջո՝ Կազաչի պոստի կենտրոնական պահեստներ։ Պարենի ուշացումը նշանակում էր մեծ չափերի հասնող մարդկային կյանքերի կորուստ։ Խնամառու նման մեծ խմբի համար պարենը, հագուստը ու բժշկական անհրաժեշտության պարագաները պետք է կանոնավոր հավաքեին ԱՄՆ-ով մեկ սփռված կամավորների բանակները, որոնք ժողովում էին անհրաժեշտ սննդամթերքը, հագուստն ու դեղորայքը, հսկում փաթեթավորումն ու բեռնումը ԱՄՆ-ում։

Ամեն տեսակ պարենի հավաքման ու առաքման համար պահանջվող ապշեցուցիչ ջանքերը Որբաքաղաքի յուրահատկությունն ընդգծող դրամայի բաղադրիչն էին միայն։ Նույնքան, եթե ոչ առավել դրամատիկ էին քաղաքական այն բարդ իրողությունները, որոնց հորձանուտում ստեղծվել ու գործում էր Որբաքաղաքը՝ իր վրա դրված եզակի առաքելությամբ։ Ո՛չ ՄԱՆ-ը, ո՛չ Հայաստանի (թե՛ առաջին հանրապետության, թե՛ ՀԽՍՀ-ի) ղեկավարները լիարժեք համաձայնության չէին եկել այդ առաքելության էության շուրջ։ Դրաման ծավալվում էր 1920-ականների ողջ ընթացքում, երբ ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի՝ երկու հակադիր գաղափարական բեւեռների պահանջները անխուսափելիորեն հատվում էին Որբաքաղաքում, քանի որ եւ՛ ՄԱՆ-ը, եւ՛ ՀԽՍՀ-ն ընդունում էին, որ երկրի ապագայի համար Որբաքաղաքն առանձնակի նշանակություն ուներ, եւ երկուսն էլ այնտեղ հավաքված հիվանդ, հոգեկան ցնցումների ենթարկված ու սովյալ որբերի վրա էին դնում մոխրակույտերից նոր Հայաստան կերտելու պատասխանատվությունը։ Սրանից հետեւում էր, որ Որբաքաղաքը սոսկ պատսպարան չէր, ուր անտուն որբերը կարող էին օթեւանել, սնվել, բուժվել, կրթվել ու 16-17 տարին բոլորելուն պես դուրս գրվել։ Ավելի շուտ դրա վրա դրված էր Թուրքահայաստանի որբերից նոր Հայաստան կառուցելու ունակ ու արժանի քաղաքացիներ կերտելու բացառիկ առաքելությունը։

Շուրջ մեկ տասնամյակ ՄԱՆ-ն ու ՀԽՍՀ-ն խոր տարաձայնություններ ունեին այն հարցում, թե Որբաքաղաքից ի՛նչ տեսակ քաղաքացիներ պետք է դուրս գային, եւ թե ի՛նչ գործելակերպով էր պետք վերահսկել որբից քաղաքացու «անցման ծեսը»։ ՄԱՆ-ը պե՞տք էր կամ կարո՞ղ էր նրանց մեծացնել որպես բոլշեւիզմով վերասահմանված հայկական ժառանգության կրողներ, որոնք պետք է երթով հպարտորեն ընթանային դեպի սոցիալիստական պետություն, ինչպես պնդում էր Խորհրդային Հայաստանը։ Թե՞ տպավորվող փոքրիկներին հարկավոր էր մեծացնել որպես ամերիկյան արժեքների հավատարիմ սուրհանդակներ, ովքեր կարող էին Հայաստանն առաջնորդել ամերիկյան առաջադեմ կյանքի ուղիով։

Այս չորս մասից բաղկացած գիրքը ներկայացնում է Որբաքաղաքի պատմությունը։ Առաջին մասում դիտարկվում են այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Որբաքաղաքի ստեղծմանը Ալեքսանդրապոլում այն ժամանակ, երբ քաղաքը ռազմական հրամայականի թելադրանքով մարդկային ու ֆիզիկական տեսանկյունից արմատապես փոխակերպվում էր։ Այստեղ խոսվում է նաեւ նպաստի նախնական կազմակերպման ու որբերի խնամքի, 1918 թ. վաղ գարնանը նպաստամատույց աշխատողների առաջին մեկնումի եւ շուրջ մեկ տարի անց նրանց վերադարձի, Ալեքսանդրապոլում որբերին կենտրոնացնելու առաջին ջանքերի ու դրա հետ կապված մտահոգությունների, 1920 թ. մայիսին Հայաստանից ՄԱՆ-ի երկրորդ ու անսպասելի գաղթի եւ քիչ ամիսներ անց դրան հաջորդած վերադարձի մասին։ Երկրորդ մասը, ընդգրկելով 1900-ականների երկրորդ տասնամյակը, քննարկում է 1920 թ. աշնանն Ալեքսանդրապոլի հեղափոխական կոմիտեի՝ ՄԱՆ-ի հանդեպ դրսեւորած բացասական վերաբերմունքը, որին հաջորդում է Մուստաֆա Քեմալի հովանու ներքո 1920 թ. դեկտեմբերին իրականացված երրորդ մեկնումը՝ այս անգամ դեպի Կարս, 1921 թ. ցուրտ ձմռան կեսերին Կարսից 6-7 հազար որբերի հաջորդ վտարումը Ալեքսանդրապոլ, ՄԱՆ-ի վերադարձը Հայաստան՝ ՀԽՍՀ-ի եռանդագին թախանձանքներին ընդառաջ, ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի ղեկավարների միջեւ բանակցությունների ու համագործակցության վաղ փուլը, որից պարզ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի վաղ շրջանի ղեկավարների վարած քաղաքականությունն ավելի մեղմ էր, քան հաճախ ներկայացվում է։ Երկրորդ մասում շարունակում է քննարկվել Ալեքսանդրապոլում որբերի կենտրոնացումը ավարտին հասցնելու գործը, ՄԱՆ-ի ծրագրերի ընդլայնման ուղղությունները Ալեքսանդրապոլում, որը 1924 թ․ ի պատիվ ռուս հեղափոխական եւ բոլշեւիկյան կուսակցության հիմնադիր Վլադիմիր Լենինի վերանվանվեց Լենինական։ Երկրորդ մասը ներկայացնում է որբերի կրթության ու դաստիարակության հարցում ՀԽՍՀ-ի քաղաքականությունն ու ավարտվում Որբաքաղաքի որբերի հանրության կտրուկ նվազման հարցը քննարկելով։ Երրորդ մասը նկարագրում է Որբաքաղաքը որպես Պոլիգոն վերակազմավորելու եւ ծախսերը կրճատելու հարցերը, ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի միջեւ խորացող անջրպետը, ինչից հետո 1931 թ. գարնանը ՄԱՆ-ը վերջնականապես հեռանում է Հայաստանից։ Երրորդ մասի վերջին գլուխը բաղկացած է սակավաթիվ որբերի ու որբանոցի աշխատողների կյանքի մասին թռուցիկ ակնարկներից, այն բանից հետո, երբ նրանք դարձան Որբանոցի պատերից դուրս գտնվող աշխարհի մասը։ Չորրորդ մասը ներկայացնում է երկու ցուցակ՝ երկուսն էլ թերի, որոնք միասին պատկերացում են տալիս որբերի համայնքի եւ Որբաքաղաքի աշխատակիցների մասին։ Առաջին ցուցակն ամփոփում է ավելի քան 13.500 որբերի անունները, ծննդյան վայրն ու տարեթվերը։ Այդ ցուցակի տվյալները հավաքվել են մոտավորապես 2000 թ․ եւ գտնվում են Երեւանում՝ Հայաստանի ազգային արխիվում։ Երկրորդ ցուցակում տեղ են գտել 1919-1931 թթ. Որբաքաղաքի 705 ամերիկացի ու հայ աշխատողների անունները։ Այս ցուցակը կազմվել է արխիվային զանազան փաստաթղթերի, լրագրերի, ամսագրային հոդվածների, հուշերի, նամակների ու ինքնակենսագրականների հիման վրա։ Թեեւ թերի՝ ցուցակը, այնուամենայնիվ, ներառվել է գրքում՝ ցույց տալու այն հսկայական աշխատանքը, որ պահանջվել է այնպիսի մի հաստատություն աշխատացնելու համար, որն իր գործունեության ամենաեռուն շրջանում, ամենայն հավանականությամբ, խնամել է ավելի քան 25 հազար որբի, եւ ի նշան երախտագիտության բոլոր նրանց ավանդի, ովքեր եղել են Որբաքաղաքի մասը՝ լվացարարուհուց մինչեւ գլխավոր տնօրեն։

Հավելվածը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (Երեւան, Հայաստան) հավաքածուներում պահվող, նպաստամատույցի անանուն աշխատողի՝ մինչ օրս անտիպ օրագիրը, որն աննշան խմբագրումներով գրանցել է տողերիս հեղինակը։ Թեեւ օրագրի անանուն հեղինակն Ալեքսանդրապոլում մի կարճ ժամանակաշրջան է ապրել, 1920 թ. մայիսին հեռանալով Հայաստանից, նրա պատմությունը արժեքավոր լույս է սփռում Երեւանի, Կարսի, Ղարաքիլիսայի ու Ալեքսանդրապոլի իրադարձությունների վրա։

Տեղեկությունները, որոնց հիման վրա գրվել է այս գիրքը, մեծ մասամբ քաղվել են սկզբնաղբյուրներից․ դրանք ի մի են բերվել տպագիր եւ անտիպ թղթակցություններից, հուշերից, օրագրերից, ինքնակենսագրականներից, կենսագրականներից, որբերի ու նրանց ժառանգների հետ հարցազրույցներից, պետական հաստատությունների եւ կազմակերպությունների զեկուցագրերից, ականատեսների, լրագրողների եւ պաշտոնական այցելուների զեկուցագրերից, որոնք լույս են տեսել 1919-1933 թթ. հայկական ու ամերիկյան լրագրերում, ամսագրերում եւ հանդեսներում։

Այս գրքին էապես նպաստել են 1918-ից մինչեւ 1920-ականների վերջը գաղթականների, որբերի ու որբանոցների վերաբերյալ վերջին շրջանի հայաստանյան ուսումնասիրությունները։ Վերջին տասը տարվա ուսումնասիրություններից Կարինե Ալեքսանյանի, Սուրեն Ավետիսյանի, Մարինե Մարտիրոսյանի ու Մարիամ Կիրակոսյանի աշխատանքները, ի թիվս այլոց, արժեքավոր աղբյուրներ են՝ Հայաստանի առաջին ու խորհրդային հանրապետություններում որբերին ու գաղթականներին առնչվող ընդհանուր հարցերը, ՄԱՆ-ի եւ Հայաստանի տարածքում գործող բարեգործական այլ կազմակերպությունների բնույթն ու ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական օգնությանը հաջորդած կնճռոտ հարաբերությունները ըմբռնելու համար։

Այս գիրքը, այդուհանդերձ, պատմում է միայն Որբաքաղաքի պատմությունը, որտեղ մինչեւ 1923 թ. վերջը կենտրոնացած էր ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում գործող ՄԱՆ-ի որբանոցների խնամքի տակ եղած հայ որբերի ավելի քան 56 տոկոսը։ Զորանոցների փակ պատերի ներսում ապրող որբերի՝ նման մեծ կենտրոնացումը ծնում էր հարցեր, որոնց վրա խարսխված է Որբաքաղաքի պատմությունը․ ե՞րբ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ նպատակահարմար եղավ որբերին հավաքել ողջ Հայաստանում սփռված տասնյակ որբանոցներից եւ կենտրոնացնել Ալեքսանդրապոլի ռազմական պոստերում։ Ի՞նչ էր պահանջվում երեխաների՝ նման հոծ բանակի կարիքները հոգալու համար։ Որո՞նք էին այն քաղաքականություններն ու կրթական ծրագրերը, որոնցով առաջնորդվում էին Որբաքաղաքը կերտելիս ու վերակերտելիս։ Որո՞նք էին ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի միջեւ տարիներ շարունակ ձգվող համագործակցության, բանակցությունների, դիրքորոշման խնդիրներն ու արդյունքը։ Եվ ի վերջո, բայց նույնչափ կարեւոր՝ որո՞նք էին «անցման ծեսերը», որոնց միջով երեխաների բանակը՝ անծանոթ իրենց միջավայրին, հասուն կյանք էր մտնում։ Այս գրքում 1919-1931 թթ․ ժամանակահատվածին առնչվող հարցերը քննվում ու նոր լույսի ներքո ներկայացվում են աղբյուրների ընձեռածի չափով զանազան այն դիտանկյուններից, որոնք լսելի են դարձնում որբերի, նպաստամատույց աշխատողների, որբանոցից ներս եւ դուրս աշխատած պաշտոնյաների ձայները՝ հնչեցնելով Որբաքաղաքի պատմությունը։

Այս գրքում առանձնահատուկ ջանք է գործադրվել մեկ պատումի մեջ ի մի բերելու ամերիկյան նպաստամատույց աշխատողների ու վարչարարների, հայ ուսուցիչների ու կառավարիչների եւ հենց իրենց՝ որբերի ձայները։ Այդ պատմություններն հաճախ շեղվում են իրարից իրենց ընկալումներով, տպավորություններով, հայացքներով, նախատրամադրություններով ու ակնկալիքներով։ Սակայն ի վերջո բոլոր կողմերի ձայները, հնչելով Որբաքաղաքի ներսից ու դրսից, միահյուսվում են պատմության մեկ հանգույցում, ուր խիզախությունն ու վախը, մեծահոգությունն ու անգործությունը, չարամտությունն ու բարությունը խաչվում են մինչեւ 1931 թ․ ձգված մարդկային մի դրամայի մեջ։ Լավ էր, թե վատ՝ ահա այդ միջավայրում էր ձեւավորվում ու զարգանում տասնյակ հազարավոր երեխաների՝ նոր Հայաստանը կերտողների կյանքը։ Երբ նրանք՝ շփոթահար ու հոգեկան ցնցումներով, առաջին անգամ ոտք դրին զորանոցների պատերից ներս, նրանց տվեցին մետաղի կտորների վրա փորագրված համարներ, որ պիտի կրեին իրենց վրա։ Հազարավոր որբեր մահացան ու թաղվեցին Ալեքսանդրապոլի կայարանից ոչ հեռու գտնվող գերեզմաններում կամ ընդհանուր փոսերում, սակայն մեծ մասին հաջողվեց ապաքինել եւ կյանք վերադարձնել։ Բայց եւ այնպես, կորստյան ու ցավի զգացողությունը եւ գորովանքի կարիքը որբանոցի տարիներին եւ այդուհետ մեկընդմիշտ մնացին բոլոր որբերի հետ։

Այս գիրքը փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն այս կամ այն կերպ ունեցավ իր «անցման ծեսերին» դիմանալու տոկունությունը եւ դրանք վերապրելու վճռականությունը:

Նորա Ն․ Ներսեսյան
Թարգմանիչ՝ Հասմիկ Հարությունյան

Իմ տուրերին միանալու եւ հետաքրքիր պատմություններ լսելու համար, գրեք էջին կամ զանգահարեք, հեռ.`
094 30 11 95
095 30 11 95
096 30 11 95

🇦🇲

Արտեմ Պետրոսյան - Մորավիայի ԱրծիվըՈւկրաինայում գործող պարտիզանական ջոկատներից մեկում էր մարտնչում խորհրդա-ֆիննական պատեր...
12/04/2024

Արտեմ Պետրոսյան - Մորավիայի Արծիվը

Ուկրաինայում գործող պարտիզանական ջոկատներից մեկում էր մարտնչում խորհրդա-ֆիննական պատերազմի մասնակից Արտյոմ Մեսրոպի Պետրոսյանը, որը 1941 թ. սեպտեմբերից մինչեւ 1943 թ. սեպտեմբերը եղել է գերության մեջ: Ճամբարում մշտապես սաբոտաժ էր անում եւ քարոզում փախչել Կարմիր բանակ: Մի քանի անհաջող փորձերից հետո նրան հաջողվում է փախչել եւ միանալ Անդրեյ Գրաբչակի պարտիզանական միավորմանը, որտեղ մնում է մինչեւ 1944 թ. օգոստոսի 30-ը: Ինչպես նրա մարտական բնութագրի մեջ նշում է հրամանատարը, նա սեփական օրինակով էր սովորեցնում եւ բարձրացնում զինվորների հայրենասիրական ոգին: Նրա մշակած գործողությունների շնորհիվ թշնամուն հասցվել է զգալի վնաս: Պետրոսյանի հաշվին գրանցվել է պայթեցրած 1 էշելոն, 1500 մ երկաթգիծ, 41 ֆաշիստ, 3 ավտոմեքենա: Հատուկ առաջադրանքով Պետրոսյանը 4 անգամ անցել է ռազմաճակատի գիծը դիվերսիոն խմբի հետ: Խիզախության համար ներկայացվել է կառավարական պարգեւի: 1944 թ. հոկտեմբերի 16-ին պարտիզանական շարժման ուկրաինական շտաբը 17 հոգուց կազմված առաջին դեսանտային խումբը՝ կրտսեր լեյտենանտ Արտյոմ Պետրոսյանի ղեկավարությամբ, ուղարկեց Չեխոսլովակիա: Այնտեղ նա կազմակերպեց 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը հետագայում դարձավ Յան Կոզինի անվան պարտիզանական միավորման հիմքը: Լինելով հրամանատարի տեղակալը դիվերսիայի գծով՝ նրա կազմակերպած խելացի եւ խիզախ գործողությունների շնորհիվ թշնամուն հասցվում էին զգալի հարվածներ: Ավարտելով հետախույզների հատուկ դպրոցը՝ նա տիրապետում էր լեզուների, դիվերսիաներ կազմակերպելու տարբեր միջոցների, գերազանց պարաշյուտիստ էր: Գեստապոյականները նրա գլխի համար խոստացել էին 1 մլն կրոն: Նրա սխրագործությունների մասին, որոնց թիվն անցնում էր 70-ից, գրել է նաեւ Չեխոսլովակիայի նախկին նախագահ Լյուդվիգ Սվոբոդան «Բուզուլուկից մինչեւ Պրագա» գրքում: Չեխ ժողովուրդն ի երախտագիտություն Պետրոսյանի հերոսության նրան պարգեւատրել է «Չեխական խաչ»-ով, «Չեխ պարտիզանի մեդալ»-ով, «Չեխոսլովակիայի ազատագրման համար» մեդալով: Շատ կարճ ապրեց 1921 թ. Լենինականում ծնված հայ քաջորդին: Պատերազմում ստացած վերքերից նա մահացավ 1949 թ. ծննդավայրում: Արտյոմ Պետրոսյանի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով փողոցներ եւ դպրոցներ անվանակոչվեցին Հայաստանում եւ Չեխոսլովակիայում: Ճանաչված ռեժիսոր Գ. Մելիք-Ավագյանը, ծանոթանալով նրա անցած մարտական ուղուն, նկարահանեց «Բարեւ, Արտյոմ» վավերագրական ֆիլմը, որը երկար տարիներ ցուցադրվում էր հայկական հեռուստատեսությամբ:

Իմ տուռերին միանալու եւ հետաքրքիր պատմություններ լսելու համար գրեք էջին, կամ զանգահարեք, հեռ`
094 30 11 95
095 30 11 95
096 30 11 95

«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է:...
24/03/2024

«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում»:
Մատթեոս 21:9

Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։

Մարդիկ որքան էլ մտահոգված և ծանրացած լինեն առօրյա խնդիրներով, միևնույն է, սրտի անսովոր ցնծությամբ են պատրաստվում այդ օրվան, քանզի աշխարհիկ հոգսերի և մեղքերի մեջ խեղդված հոգին, այնուամենայնիվ, զգում է Տիրոջ օրհնյալ ներկայությունը։

Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:

Երուսաղեմ մուտք գործելն ունի մեծ խորհուրդ․ այն է՝ մեր սրտերում թույլատրել Տիրոջ ներաբնակությունը, ապրել Նրա պատգամներով և արժանանալ Հավիտենական կյանքին:

Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս 21:9):

Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև հեռու արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին սերտորեն կապվող նախաքրիստոնեական մի պաշտամունքի, իսկ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:

Հիսուս Քրիստոսին տեսնելու հույսով բոլորը հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ, քանզի լսել էին Նրա կատարած հրաշքների, բժշկությունների և, ի վերջո, Ղազարոսի հարության մասին և վստահ էին, որ Նա է լինելու իրենց փրկությունը: Սակայն նույն այդ մարդիկ օրեր անց պետք է Նրան խաչի մահվանը դատապարտեին։ Հիսուս առաջին անգամ չէր, որ Երուսաղեմ էր գալիս, բայց այս մեկը պետք է լիներ վերջինը, պիտի մտներ Երուսաղեմ և հասներ Իր երկրավոր կյանքի վերջին հանգրվանին, որն էր Խաչի ճանապարհը։

Ծաղկազարդի նախորդ օրը՝ հընթացս երեկոյան ժամերգության, կատարվում է նախատոնակ,բացվում են եկեղեցիների խորանները, իսկ Ծաղկազարդի առավոտյան՝ ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ և տրվում է Սուրբ Հաղորդություն։

Կարևոր է օրվա խորհրդի գիտակցումը և այն մանուկների հետ եկեղեցում տոնելը: Թեև բոլորն էլ ուրախացել էին Քրիստոսին դիմավորելիս, այնուամենայնիվ, ըստ ավետարանական նկարագրության, ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր: Դա է պատճառը, որ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնին նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում: Մանուկներն իրենց անմեղությամբ կրում են Աստծու լույսն իրենց սրտում և օրհնություն ստանալով՝ այն իրենց հետ տուն են տանում ու սփռում ընտանիքի անդամների վրա:

Արդ, մանկան անկեղծ սրտով ու ջերմությամբ մոտենանք այդ երանելի օրվան, վերցնենք ուռենու ոստերն և, ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննաներ հղենք մեր Արարչին՝ միշտ հավատարիմ մնալով Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Ով սպասում է մեզ ամեն օր:

🇦🇲

Երբ Աստված տղամարդուն ստեղծում է, անցնում է մի որոշ ժամանակ, տղամարդը գալիս է Աստծո մոտ ու բողոքում._Չէ, այսպես չի լինի,...
08/03/2024

Երբ Աստված տղամարդուն ստեղծում է, անցնում է մի որոշ ժամանակ, տղամարդը գալիս է Աստծո մոտ ու բողոքում.

_Չէ, այսպես չի լինի, կյանքն անհետաքրքիր է ինձ համար:

Աստված մտածում է, մտածում և սկզբում ելք չի գտնում, քանի որ ինչ հումք կար, արդեն տղամարդու վրա էր ծախսել ու ստեղծել, նոր հումք էր պետք գտնել: Բայց չէր էլ ցանկանում մերժել տղամարդուն, ուստի որոշում է ստեղծել նաև կնոջը:

Արևից վերցնում է փայլող ճառագայթները, լուսնից տխրությունը, մայրամուտից՝ տարբեր գույները, կարապից՝ գեղեցկությունը, եղնիկից՝ նրբագեղությունը, կատվից՝ խաղը, բրդից՝ տաքությունը, մագնիսից՝ ձգող ուժը ու խառնում իրար: Դրանից հետո ավելացնում է ձյան սառնությունը, քամու անկայունությունը, ամպերի արցունքները, աղվեսից մի փոքր խորամանկություն, աշունից վերցնում է նեղացկոտությունը, վագրից՝ խանդ, մեղվի վրեժխնդրությունը, մարքեթինգի դասագրքից շոփինգի բաժինը, ապագայից էլ վերցնում է անորոշությունն ու խառնում իրար: Արդյունքում ստանում է իրական կնոջը, մոտեցնում տղամարդուն ու ասում.
_Վերցրու նրան այնպիսին, ինչպիսին որ կա, հանկարծ չփորձես փոխես, միևնույնն է չի ստացվելու: :D

Ես նրա հետ համաձայն եմ, սիրում ենք այնպես, ինչպես որ կան: Շնորհավոր սիրելի կանայք ու աղջիկներ, բոլորիդ լավ ու անմոռանալի օր ^_^ ^_^

Address

Gyumri

Telephone

+37494301195

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալեքպոլյան պատմություններ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ալեքպոլյան պատմություններ:

Videos

Share

Category



You may also like