05/05/2017
-------------Թաիլանդ-------------
🇹🇭 #Թաիլանդ
Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Բանգկոկ
Տարածքը՝ 513,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 64,8 մլն
Պետական լեզուն՝ թաի
Դրամական միավորը՝ բատ
Թաիլանդի թագավորությունը գտնվում է Հարավարեվելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզու կենտրոնում և Մալակկա թերակղզու հյուսիսային մասում՝ Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, և հարավում՝ Մալայզիայի հարևանությամբ: Նրան են պատկանում նաև Հարավչինական ծովի մի քանի կղզիներ:
Թաիլանդը բազմազգ պետություն է. այստեղ ապրում է ավելի քան 30 ազգություն: Ամենաբազմաթիվը թայերն (սիամցիներ) են, որոնց անունով էլ կոչվում է երկիրը: Ի դեպ՝ մինչև 1939 թ. երկիրը կոչվել է Սիամ: Թաիլանդի բնակիչներն իրենց երկիրը կոչում էին Միանգթայ` «Ազատների երկիր»՝ դրանով կարծես ընդգծելով, որ իրենց երկիրը երբեք օտարի տիրապետության տակ չի եղել: Ուսուցումը տարվում է թաի գրական լեզվով:
Թաիլանդի պետական կրոնը բուդդայականությունն է:Կան նաև իսլամ դավանող ժողովուրդներ (մալայացիները): Գործում են կաթոլիկ ու բողոքական միսիոներներ: Թաիլանդում հաշվվում են ավելի քան 21 հզ. բուդդայական տաճարներ. առանձնահատուկ ճոխությամբ աչքի են ընկնում թագավորական տաճար-մենաստանները:
Բուդդայի նստած կամ կանգնած դիրքով արձանների կարելի է հանդիպել Թաիլանդի բոլոր անկյուններում: Բուդդայով ու նրա գաղափարախոսությամբ են համակված թաիլանդական մշակույթի բոլոր ոլորտները՝ ժողովրդական բանահյուսությունը, արվեստը, գրականությունը:
Մոտ 6000 տարի առաջ առաջին անգամ հենց Թայլանդում են առաջին անգամ աճեցրել բրինձը: Եվ հենց այս երկիրն է համարվում աշխարհին բրինձ մատակարարող ամենամեծ երկիրը:
Թայլանդի պաշտոնական մայրաքաղաքը` Բանգկոգը, ընդգրկված է Գինեսսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար անվանումով մայրաքաղաք: Այն թարգմանվում է որպես «հրեշտակների քաղաք, հսկա քաղաք, հավերժական գանձերի քաղաք, Ինդրա Աստծու անառիկ քաղաք, աշխարհի մեծագույն մայրաքաղաք, իննը թանկարժեք քարերով օժտված քաղաք, երջանիկ քաղաք, լիառատ հսկայական Թագավորական պալատ, երկնային բնակավայր, որտեղ տիրում է առաջնային Աստվածը, Ինդրային նվիրված և վիշվակարամի կողմից կառուցված քաղաք»:
Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։
Արևադարձային բնության, տաք ծովի, ցնցող լանդշաֆտի և բուդդայական ճարտարապետության ապշեցուցիչ հուշարձանների ամբողջություն է Թաիլանդը։ Երկիրը տարբերվում է բացառիկ էկզոտիկայով, ինչը և կզարդարի յուրաքանչյուրի հանգիստը։ Առեղծվածային Սիամը, հազարավոր տաճարների ու ժպիտների երկիրը, բոլոր մայրցամաքներից միլիոնավոր զբոսաշրջիկների ամենահայտնի վայրերից է։ Թաիլանդը կգրավի և կզարմացնի Ձեզ իր սեգ լեռներով, մաքուր գետերով, անանցանելի ջունգլիներով, հազվագյուտ կենդանիներով և բուսականությամբ, թայլանդական հիանալի խոհանոցով, բարձր դասվող տեղական սովորույթներով և ուրախության, անհոգության, տիեզերական խաղաղասիրության յուրահատուկ մթնոլորտով։