17/10/2017
Հոռոմայրի վանքը միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից մեկ կիլոմետր հեռավարության վրա։ Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Այն կազմված է շինությունների երկու խմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ՝ հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է՝ 13-րդ դարի խաչքարերով ու տապանաքարերով։ Սարահարթի կառույցների խմբում են՝ երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը։